Այդպես էլ չհիշեցի, թե ինչ առիթով և որտեղ եմ լսել վրաց բանաստեղծուհի Թամար Գաբրոշվիլու մասին: Անուն-ազգանունը ծանոթ էր: Միայն այդքանը: Խոստովանեմ, որ նրանից ոչինչ չէի կարդացել: Եվ ահա, որպես անակնկալ նվեր, «Հայաստան» հրատարակչության տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Վահագն Սարգսյանից 2017-ի Ամանորի շեմին ստացա վրացուհու «Քրիզթա» բանաստեղծությունների ժողովածուն` Մաղվալա Գեուրգովա-Սահակյանցի թարգմանությամբ: Բացում եմ ժողովածուն և ուղեղումս անմիջապես ծագում է «ի՞նչ է պոեզիան, ինչպե՞ս է ծնվում» խոհ-հարցադրումը: Երեկ և այսօր շատերն են դժվարացել պատասխանել այդ հարցին, դժվար է եղել, թեև շատերը չեն մոռացել արտահայտվել քերթության արվեստի մասին: Իոսիֆ Բրոդսկին մասնավորապես ասում էր. «Պոեզիան ոչ թե բառերի լավագույն շարակարգի մեջ է, պոեզիան լավի բարձրագույն ձևն է»: Կարդացի ու զգացի, որ հենց այդպիսին է վրացական պոեզիայի հայատառ հմայքը՝ «Քրիզթան»: Ի դեպ, ժողովածուում նաև հեղինակի գեղանկարներն են, հոգեցունց նկարներ, որ, անշուշտ, վկայում են նրա ևս մի աստվածատուր շնորհի մասին:
Բանաստեղծական կարճ տողերում ու քառատողերում խոր ու երկար խոսքը կարճ է ասվում: Հեղինակի համար լեռները, անտառները, կիրճերը, դաշտերը, պարտեզները սրբավայրեր են: Միանգամից ասեմ, որ գիրքը հասցեագրված է նրանց, ովքեր ուզում են փոխել կյանքը՝ ապրելով սիրո և խաղաղության մեջ.
Կարևորը խոսքն է,
Թե չէ հունը հենց ինքը
Գետն է հնարել։
Այսպես խոսում է հեղինակը, և ավելացնում.
Իմ բանաստեղծություններն անմահ ծաղիկներ են:
Ես հիմա ամբողջ հողագունդ եմ:
Ես մայր եմ, ես հող եմ, ես ինքս սեր եմ:
Գրքի էջերում արև կա, բազմապատկման աղյուսակ կա, հանգույց ու հանգուցալուծում կա, մարդկային աչքեր կան, ու լեգենդ կա կյանքի մասին: Քրիզթան ծաղիկ է քարի մեջ, որ հեղինակը «որպես կյանքից պոկված մի համբույր» բաժանում է ընթերցող մարդկանց:
Կարդում էի ժողովածուն, ու ինձ թվում էր, թե սովորել եմ վրացերեն ու արդեն պատրաստ եմ բնագրից կարդալու Թամար Գաբրոշվիլու «Քրիզթայի անթոլոգիան» (2012 թ.), «Նոր տարվա գիշերը» (1993 թ.) և մյուս բանաստեղծական ժողովածուները: Այդ ներշնչանքը հենց Թամար Գաբրոշվիլու սիրո և գարնան ներշնչանքի ուղեծրում է: Խորին խորհուրդ ունի ժողովածուն եզրափակող «Հացը» արձակ բանաստեղծությունը. «Տաք հանած հացը մեր կյանքի հոգևոր հացն է, որն էլ նորից հողին է վերադառնում՝ մարդկանց կերակրելու և ապրեցնելու համար»: Ապրելու և ապրեցնելու մասին է ընթերցողի հետ մտորում վրաց բանաստեղծուհին, մտորում է վրացերեն, մտորում է համամարդկային լեզվով, իսկ թարգմանիչն ու հրատարակիչը մեզ հոժարակամ օգնել են, որ այն ունենանք մեր մայրենիով: Ես համոզվեցի, որ ժողովածուն արժանի է դառնալու լուսավոր մի կանգառ հայ-վրացական մշակութային կապերի ճանապարհին: Կարծում եմ` ասվածն էլ բավական է, որ շարժի ընթերցողի հետաքրքրությունը, իսկ ինձ մնում է հավերժի կանաչ ճանապարհ ու բեղուն գրիչ մաղթել ժողովածուի հեղինակին, թարգմանչին, հրատարակչին:
Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ